CIA որակավորում ստանալու հաջողության պատմություն

Շնորհավորում ենք ՆԱԻ-Հայաստանի անդամ Նինա Սողոյանին CIA որակավորում ստանալու կապակցությամբ և ստորև ներկայացնում ենք որակավորումը ստանալու պատմությունը:

CIA որակավորման առավելությունները և ավելացրած արժեքը

Շարժառիթ

Մի քանի տարի առաջ “Մեծ Չորսնյակ”-ի մեջ մտնող աուդիտորական ընկերություններից մեկի արտաքին աուդիտի բաժնից տեղափոխվեցի վարկային կազմակերպության ներքին աուդիտի բաժին: Թեև մասնագիտական ուղղվածությունն ընդհանուր առմամբ նույնն է, սակայն դերերի հստակ տարբերակում կա, ինչն էլ ստիպեց մտածել գիտելիքներիս շրջանակն ընդարձակելու մասին, մասնավորապես՝ CIA որակավորում ստանալու օգնությամբ:

CIA Challenge քննություն

Ժամանակ առ ժամանակ, սովորաբար երեք տարին մեկ, հաշվապահի միջազգայնորեն ճանաչված որակավորում ունեցող անձանց հնարավորություն է տրվում CIA որակավորում ձեռքբերել՝ CIA որակավորման երեք քննությունների փոխարեն հանձնելով մեկ համախմբված քննություն՝ CIA Challenge Exam: Քանի որ Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) լիիրավ անդամ եմ հանդիսանում, որոշեցի գնալ հենց այս ճանապարհով:

ՏՏ անվտանգություն և Տվյալների Վերլուծություն

CIA որակավորման քննությունը հանձնելու բազմաթիվ օգուտներից մեկն անձամբ ինձ համար քննության երրորդ մասում ՏՏ անվտանգության ոլորտի ռիսկերին և հսկողության մեխանիզմներին ավելի մանրամասն ծանոթանալն էր ու այդ ոլորտի վերաբերյալ գիտելիքներս համակարգելը:

Մեծ հաճույքով եմ կարդացել նաև տվյալների վերլուծության (Data Analytics) գործիքների ու մոտեցումների մասին նյութերը, կարծում եմ շատ կազմակերպություններ են այժմ գտնվում նմանատիպ գործիքների ներդրման փուլում, կամ առնվազն սկսել են այդ ուղղությամբ մտածել:

Սկսել ճանապարհը Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտին անդամակցելու միջոցով

CIA որակավորում ստանալու ճանապարհը սկսելու նախընտրելի տարբերակ եմ համարում Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտին (ՆԱԻ-Հայաստան) անդամակցելը: ՆԱԻ-Հայաստանի անդամները հասանելություն են ստանում ՆԱԻ Գլոբալի բազմաթիվ հրապարակումներին, որոնք անհրաժեշտ են ներքին աուդիտի գործառույթն արդյունավետ կերպով կազմակերպելու և կառավարելու համար: Օրինակ՝ ՆԱԻ Գլոբալի կողմից թողարկվող Կիրառական Ուղեցույցները (Practice Guides) գործնական մոդելներ են առաջարկում, որոնք կարելի է ադապտացնել և կիրառել տեղական կազմակերպություններում:

Ներկայիս արագ փոփոխվող քաղաքատնտեսական մթնոլորտում խնդիրների լուծման նոր մոտեցումներին և համաշխարհային փորձին արագ հասանելիություն ունենալը կարծում եմ անհրաժեշտություն է:

Հիմնական դժվարությունները և խորհուրդներ հանձնողներին

Պատրաստվելու ժամանակ և կոնսպեկտավորում

Հնարավոր է, որ CIA Challenge exam հանձնողները հույս դնեն նախկինում ձեռքբերված մասնագիտական գիտելիքի և փորձի վրա. խորհուրդ կտամ այդպես չվարվել: Ճիշտ կլինի ժամանակ հատկացնել ոչ միայն նյութը կարդալուն, այլև կոնսպեկտավորելուն, որ վերջում կրկնելը քիչ ժամանակ պահանջի։

Քննությունը հանձնելու ռազմավարություն

CIA քննության ընթացքում խորհուրդ կտայի նախապես հստակ ռազմավարություն ընտրել հարցերին պատասխանելու ժամանակի և կասկածելի հարցերը “ֆլագ” անելու տեսանկյունից, ստուգել այդ ռազմավարությունը նախապատրաստական թեսթեր գրելիս և կիրառել իրական քննության ժամանակ: Համացանցում բազմաթիվ ռեսուրսներ կան քննության հանձնման տեխնիկաների վերաբերյալ:

IPPF նյութերը կարդալը

Չնայած քննությանը պատրաստվելու համար նախատեսված նյութերում ներառված են ՆԱԻ Գլոբալի կողմից հրապարակվող Մասնագիտական Գործունեության Միջազգային Հայեցակարգի (IPPF) ստանդարտների և բացատրական ուղեցույցների առանցքային գաղափարները, անպայման խորհուրդ կտամ նաև անձամբ կարդալ ինչպես ստանդարտները (International Standards for the Professional Practice of Internal Auditing) այնպես էլ դրանց Ներդրման Ուղեցույցները (Implementation Guidance) նյութերը՝ մասնագիտության սկզբունքներն ու “շունչը” լավագույնս ընկալելու համար:

Երեքը մեկում

Չնայած քննությունը հանձնում էի Challenge տարբերակով, որոշեցի ծանոթանալ նաև այն նյութերին, որոնք նախատեսված էին երեք առանձին CIA քննությունների համար՝ առավել մանրամասն գիտելիքներ ձեռքբերելու համար: Կարծում եմ, ճիշտ որոշում էր, քանի որ շատ օգտակար աղբյուրներ բացահայտեցի ինձ համար: Բացի այդ քննության հարցերում սխալ տարբերակներից մեկը կամ մի քանիսը պարունակում էին յուրահատուկ տերմիններ, որոնք ներառված էին միայն առանձին քննությունների նյութերում և դրանք բացառելու համար պետք էր առնվազն գաղափար ունենալ, թե ինչ են նշանակում:

Մասնակցություն դասընթացներին

Քննության նյութերում կան բազմաթիվ գաղափարներ, որոնք առանց համապատասխան փորձի դժվար է լիարժեք ընկալել: Այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ նրանց, ովքեր համարձակ քայլ են արել ու որոշել են աուդիտի փորձ չունենալով հանձնել քննությունը, անպայման CIA դասընթացների գրանցվել, որպեսզի դասախոսը կարողանա ավելի մանրամասն անդրադառնալ անծանոթ գաղափարներին, հնարավորություն լինի հարցեր ուղղելու և քննարկումներ անցկացնելու:

Leave a Reply