CIA որակավորում ստանալու հաջողության պատմություն

Շնորհավորում ենք ՆԱԻ-Հայաստանի անդամ Էդգար Նահապետյանին CIA որակավորում ստանալու կապակցությամբ և ներկայացնում ենք որակավորում ստանալու վերաբերյալ իր օգտակար խորհուրդները:

 

Ուրախ եմ մեր մասնագիտական համայնքում կիսվել վերջերս ունեցած հաջողությունովս՝ ստացած CIA որակավորումով: Միաժամանակ ուզում եմ կիսվել նաև իմ ունեցած տպավորություններով ու խորհուրդներով, որոնք հուսով եմ, որ ինչ-որ կերպ կմոտիվացնեն և կօգնեն ձեզ անցնել նույն ճանապարհով:

Եթե որոշել եք հանձնել քննությունները և ստանալ որակավորում, ապա հաշվի առեք, որ պետք է ներդնեք բավարար ժամանակ, որը թերևս մեր բոլորիս ունեցած ամենաթանկ ու սպառվող ռեսուրսներից մեկն է: Հաջողելու համար իհարկե ներդրված ժամանակին պետք է գումարել նաև բավարար կամք ու հետևողականություն: Ընդ որում կարծում եմ, որ չկա մի ընդհանուր բանաձև, թե ինչքան ժամանակ պետք է ներդնել, քանի որ դա կարող է կախված լինել մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններից: Պատրաստ եղեք ծանրաբեռնված աշխատանքային օրվա ավարտից հետո ժամանակ տրամադրել պարապմունքներին: Վստահաբար կարելի է ասել, որ քննության օրը հաջողելու գրավականը դա քննությանը ձեր պատրաստվածության աստիճանն է:

Բացի հատուկ նախատեստված ուսումնական նյութերից հավելյալ նյութեր կարդալը իհարկե կարող է օգնել հաջողելու համար, բայց վստահ եղեք, որ բավարար է նաև միայն ուսումնական նյութերով պարապելը: Մանրամասն ուսումնասիրեք Ինստիտուտի կողմից հրապարակված ուսումնական ծրագիրը (syllabus, որը ցանկալի է, որ փակցված լինի տեսանելի վայրում), որպեսզի կարողանաք ճիշտ կառավարել պարապմունքների արդյունավետությունը՝ ավելի շատ ռեսուրս ուղղելով հատկապես այն թեմաներին, որոնց շուրջ կենտրոնացված է լինելու քննական հարցերի տոկոսային հարաբերությամբ ավելի մեծ մասը:

Քննություններին նախապատրաստվելիս որպես նպատակ առաջարկում եմ դնել քննությանը անպայման հաջողելը, իսկ քննության օրվա համար որպես հիմնական նպատակ սահմանել կուտակած ողջ ներուժով քննությանը մասնակցելը, քանի որ քննությանը նախապատրաստվելիս կունենաք բավարար ժամանակ լարվածությունը կառավարելու  համար, ինչը վստահաբար չեք ունենա քննության ընթացքում:

Նախօրոք անպայման ուսումնասիրեք քննությունը հանձնելու տեխնիկայի վերաբերյալ տարբեր աղբյուրներում հրապարակված խորհուրդները, հատկապես քննության ընթացքում ժամանակի ճիշտ կառավարման վերաբերյալ:

Եթե փայլուն անգլերեն չգիտեք, ապա դա ավելի շուտ արդարացում է, քան պատճառ չորակավորվելու համար, քանի որ քննություններին նախապատրաստվելը ևս մեկ առիթ է լեզվական հմտություններն ու մասնագիտական տերմինաբանության վերաբերյալ գիտելիքներն ամրապնդելու համար: Մոտավորապես նույն մոտեցմամբ վերաբերվեք նաև ձեր տարիքին:

Հնարավոր է, որ լսեք կարծիքներ այն մասին, որ միջազգային որակավորումները այնքան էլ կարևոր չեն, և գործնականում շատ բան չեն տալիս, որից հետո խորհուրդ կտամ Linkedin-ում ուղղակի փնտրել որակավորված մարդկանց ու նայել նրանցից շատերի անցած ճանապարհն ու զբաղեցրած պաշտոնները Հայաստանում ու արտասահմանում և մտածել այն հարցի շուրջ, թե որն է եղել նրանց մոտիվացիան անցնելու որակավորում ձեռք բերելու այդ ոչ այնքան էլ հեշտ ճանապարհով:

Կասկած չկա, որ անպայման պետք է փորձել: Մաղթում եմ հաջողություն:

Leave a Reply