Շնորհավորում ենք ՆԱԻ-Հայաստանի անդամ Ադրինե Թումանյանին՝ CIA որակավորման քննությունները գերազանց արդյունքներով հանձնելու և 2016թ. Ուիլյամ Ս. Սմիթի մրցանակը ստանալու համար:
Ներկայացնում ենք Ադրինեի հետ հակիրճ հարցազրույցը:
– Ադրինե, Դուք ներառվել եք 2016թ.-ին լավագույն արդյունքներով քննությունները հանձնողների ցուցակում: Սա մեծ նվաճում է: Աշխարհում ամեն տարի մի քանի տասնյակ հազար դիմորդներ հանձնում են CIA քննություններ: Հուսանք, որ Ձեր փորձով կնպաստեք Հայաստանում մասնագիտության զարգացմանը և սերտիֆիկատի տարածմանը: Խնդրում ենք նաև կիսվել Ձեր փորձով ՆԱԻ անդամների հետ: Ինչու՞ որոշեցիք հանձնել CIA քննությունները:
Որոշումս պայմանավորված էր մասնագիտական փոփոխություններով: Աուդիտը ինձ համար ամբողջությամբ նոր ոլորտ էր և բավականին անծանոթ: Բացը լրացնելու համար որոշեցի CIA որակավորման համար նախապատրաստվել ինչն ինձ օգնեց թե նոր գիտելիքներ ձեռք բերել և թե ներքին աուդիտորի որակավորում ունենալ:
– Ի՞նչ հերթականությամբ եք հանձնել քննությունները, որքա՞ն ժամանակ է պահանջվել յուրաքանչյուր մասին նախապատրաստվելու համար:
Սկսել եմ 1-ին քննությունից, այնուհետև հանձնել եմ 2-րդը և 3-րդը: 1-ին և 2-րդ քննության համար նախատեսված տեսական նյութերը և թեստերը ներառում են 7 գլուխ: 1-ին քննության համար նախապատրաստվել եմ մոտ 1 ամիս՝ օրական տրամադրելով 2-3 ժամ: 2-րդ քննության համար նախատեսել էի 2-3 շաբաթ, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ ժամանակ էի հատկացնում ՝ մոտ 5 ժամ: 3-րդ քննությունն ավելի ծավալուն է, քանի որ ծածկում է թեմաների ավելի լայն շրջանակ, կազմում է 20 գլուխ: Այդ իսկ պատճառով 3-րդ քննության նախապատրաստվելը տևել է մոտ 1.5 ամիս՝ օրական հատկացնելով 2-3 ժամ: Ընդհանրապես, GLEIM-ի կողմից խորհուրդ է տրվում 1-ին և 2-րդ քննություններին տրամադրել 50-ական ժամ, իսկ 3-րդին՝ 110:
– Նախապատրաստվելիս ի՞նչ մոտեցում էիք որդեգրել՝ նախ տեսություն, հետո թեստեր, թե՞ այլ:
Նախապատրաստվելու ընթացքում յուրաքանչյուր թեմայի համար նախ ծանոթանում էի տեսությանը, այնուհետև թեստեր էի անում՝ տեսությունն ամրապնդելու համար: Իմ կարծիքով, ավելի լավ արդյունքների համար հարկավոր է համատեղել տեսությունն ու թեսթերը:
– Ժամանակի կառավարման ի՞նչ խորհուրդներ կտաք դիմորդներին:
Խորհուրդ կտամ պատրաստվելուն չափազանց շատ ժամանակ չհատկացնել, նախատեսել առավելագույնը 5-6 շաբաթ 1-ին և 2-րդ քնությունների համար, իսկ 3-րդի համար՝ 8-10 շաբաթ: Շատ կարևոր է պատրաստվել ամեն օր ժամանակ տրամադրելով, այլ ոչ թե կուտակել վերջին օրերին: Ինչպես նաև խորհուրդ եմ տալիս մոտավոր վերջնաժամկետ ֆիքսել Ձեզ համար: Քննությանն արժե գրանցվել այն դեպքում, երբ արդեն նյութի մեծ մասը վերանայել եք և քիչ թե շատ զգում եք, որ պատրաստ եք: Այսպես, եթե ընթացքում հասկանաք, որ Ձեզ լրացուցիչ ժամանակ է հարկավոր, խուճապի չեք մատնվի, սակայն ամեն դեպքում շատ հետաձգել հարկավոր չէ: