Ս.թ. մայիսի 15-ին Ներքին աուդիտորների ինստիտուտը հյուրընկալել էր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց հանրային հատվածում ներքին աուդիտի մարտահրավերները և զարգացման իր տեսլականը: Մասնավորապես պարոն Արամյանը կարևորեց ներկայումս տեղի ունեցող բարեփոխումների ընթացքում ներքին աուդիտի` որպես անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ գործառույթի անփոխարինելի առաքելությունը: Նա նշեց, որ 2016թ-ից ի վեր ՀՀ ֆինանսների նախարարությունը ակտիվ համագործակցում է Ներքին աուդիտորների ինստիտուտի հետ: Մասնավորապես Ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը և խորհրդի անդամ Կոմիտաս Ստեփանյանը հասարակական հիմունքներով ընդգրկվել են Նախարարության Աուդիտ կոմիտեի կազմում:
Նախարարը կարևորեց ներքին աուդիտի ոլորտում կարողությունների զարգացման հրամայականը: Ներքին աուդիտի որակավորված մասնագետների սակավությունը և հանրային հատվածում 300-ի մոտ ներքին աուդիտորների հաստիքների առկայությունը հուշում է, որ մեր ԲՈՒՀ-երը ներքին աուդիտի միջազգային չափանիշներին համապատասխան դասավանդման առաջարկ պետք է ներկայացնեն:
Հանդիպման ընթացքում Նախարարը լսեց Ինստիտուտի անդամների առաջարկները և պատասխանեց նրանց հուզող հարցերին՝ հանրային հատվածի ներքին աուդիտի համակարգի հետագա բարեփոխումների, տեղեկատվական համակարգի ու ներկայացվող հաշվետվությունների որակի, հանրային հատվածի աուդիտորների շարունակական կրթման վերաբերյալ: Պարոն Արամյանն ընդգծեց ՆԱԻ-Հայաստանի դերը ներքին աուդիտորի մասնագիտության տարածման և կայացման գործում և կարևորեց Նախարարության և ՀԿ-ի համագործակցությունը՝ առկա խնդիրների լուծումներ փնտրելու գործում: