«Հասարակ մահկանացուի» արդարացումները

Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը տրամադրել է իր նոր հոդվածը:

Նախորդ երկու հոդվածներից հետո («Արդյոք ղեկավարը միշտ ճի՞շտ է» եւ «Մշակութային կաղապարներ. Ղեկավարի վախերը») ցանկանում եմ անդրադառնալ թերեւս ամենակարեւոր հարցին՝ արդյոք ամեն ինչ ղեկավարի՞ց է կախված: Իրականում, վատ աշխատողը վատ ղեկավարից ոչնչով լավը չէ, իսկ հաճախ նաեւ պղտորում է միջավայրը: Լավ ղեկավար դառնալու համար պակաս կարեւոր չէ լավագույնս դրսեւորվել մինչեւ ղեկավար դառնալը, ինչպես նաեւ դրանից հետո: Նույնիսկ եթե մարդը ղեկավար դառնալու նպատակ չունի, կարեւոր է թիմում առողջ աշխատանքային հարաբերությունների ձեւավորումը: Անդրադառնանք «հասարակ մահկանացուների» արդարացումներին, որոնք խանգարում են առաջ գնալուն:

Արդարացում 1. Ես առաջնորդ չեմ ծնվել

Բազմիցս լսել եմ այս հարցադրումը՝ «առաջնորդ կամ ղեկավար ծնվու՞մ են, թե՞ դառնում»: «Ես չունեմ առաջնորդելու կամ ղեկավարելու ի ծնե շնորհք, հետեւաբար՝ թող ուրիշներն առաջնորդեն», սա շատ հարմար արդարացում է չնախաձեռնելու, չներգրավվելու եւ ընդհանրապես ավելի ոչ մի բան չանելու համար: Թեեւ առաջնորդելու համար պարտադիր չէ ղեկավար լինել, երկու դեպքում էլ դրանք դերեր են, որոնք կարելի է լավ իրականացնել, եթե վերաբերվել դրանց իսկապես որպես դերերի, այլ ոչ թե անիմաստ ուռճացված սոցիալական ստատուսի: Կազմակերպությունը եւ ընդհանրապես հասարակությունը կարող են լուրջ առաջընթաց ունենալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն իրեն հրամաններ տվող ղեկավար պատկերացնելու եւ բողոքելու փոխարեն նախաձեռնող լինի եւ առաջնորդի՝ տարբեր ոլորտներում թեկուզ փոքր հաջողություններ գրանցելով:

Արդարացում 2. Առանց ծանոթ ոչնչի չի լինի հասնել

Աշխարհը կատարյալ չէ, եւ առավել եւս արդար չէ: Մեզ հաճախ թվում է, թե Հայաստանում ամեն ինչ ծանոթի միջոցով է արվում, իսկ այլ տեղերում ամեն ինչ արդար է: Այն, որ անգլերենում գոյություն ունի nepotism, իսկ ռուսերենում кумовство բառերը, ապացուցում է, որ դա զուտ հայկական երեւույթ չէ: ԽԾԲ սկզբունքը կարող է հաղթահարվել կորպորատիվ շահերին նախապատվություն տալով, լինի դա ընկերությունում, թե պետական համակարգում: Թեեւ «ծանոթի միջոցով»-ը շատ դեպքերում, ցավոք, գործում է, գնալով շատանում են այն միջավայրերը, որտեղ «մերիտոկրատիան», այսինք «գիտելիքի միջոցով»-ը աշխատում է: 

Նույնիսկ առաջին տիպի կազմակերպություններում միշտ կան մարդիկ, որոնք հայտնի են իրենց գիտելիքի, այլ ոչ թե ծանոթների համար: Հետեւաբար, անարդար պայքարում եւս հնարավոր է առաջ գնալ՝ տարբերվելով ընդհանուր միջակությունից:

Արդարացում 3. Ամեն ինչ ղեկավարից է գալիս

Հաճախ մարդիկ խնդիրները պայմանավորում են ղեկավարի անձով՝ առանց իրենց մասնաբաժինը նկատելու: Թեեւ լավ ղեկավարը կարող է լուրջ փոփոխությունների նախաձեռնող լինել, ակնկալել, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, մեծ մոլորություն է: Առանցքային հարց է մնում մարդկանց փոխվելը դեպի դրական մտածելակերպը եւ կառուցողականը: Գործն առաջ կգնա ինչպես վերից վար, այնպես էլ ներքեւից վերեւ մտածելակերպի դրական տեղաշարժի դեպքում:

Արդարացում 4. Ղեկավարն ամեն ինչ տեսնում է 

Շատ տարածված մոտեցում է խնդիրների մասին չբարձրաձայնելը: Աշխատակիցները համարում են, որ դա իրենց խնդիրը չէ, եւ որ ղեկավարն ամեն ինչի մասին գիտի կամ ավելի վատ՝ ինքն է պատասխանատու: Թեեւ ղեկավարը շատ բաների մասին է տեղյակ, հաճախ նա տեղեկատվական հոսքի մեջ չի հասցնում ամեն ինչին անդրադառնալ: Աշխատակիցը կարող է իր վրա լուրջ առաջնորդման նախաձեռնություն վերցնել եւ թեթեւացնել ղեկավարի կյանքը: Պատասխանատու եւ ներգրավված աշխատակիցները միշտ գնահատելի են լավ ղեկավարի համար, նույնիսկ եթե առկա է կարծիքների տարբերություն:

Արդարացում  5. Որքան վարձատրում են, այդքան էլ աշխատում եմ

Մեկ այլ ինքնարդարացում է աշխատանքին ի միջի այլոց մոտեցումը վարձատրությամբ պայմանավորելը: Նման աշխատողին ոչ մի ղեկավար չի ձգտում առաջ տանել, եթե ընդհանրապես հիշում է նրա մասին: Նման մտածելակերպն ավելի շատ խնդիր է առաջացնում, քանի որ ընդհանուր մթնոլորտն է փչացնում: Շահում է ավանսով աշխատողը, ոչ թե ավանս ակնկալողը:

Բոլոր ժամանակներում լավ ղեկավարը ներքեւից աճած ղեկավարն է համարվել՝ լինի գործարանում, բանակում, թե պետական կառավարման համակարգում: Սա նշանակում է, որ ղեկավար չեն ծնվում, ղեկավար դառնում են՝ անցնելով կյանքի տարբեր փուլեր, կոփվելով եւ հասկանալով ղեկավարի դերը: Հետեւաբար, մարդն իր գործն այնքան շրջահայաց եւ նվիրված պետք է կատարի, որ իրեն ձգտեն առաջ տանել իր ղեկավարները: Առանցքայինն այստեղ նախաձեռնելու եւ առաջնորդելու անհանգիստ մղումն է, որն ավելի գնահատելի է, երբ մարդը չունի ֆորմալ ղեկավարի ստատուս:

Հոդվածի անգլերեն տարբերակ

Հոդվածի ռուսերեն տարբերակ