Շնորհավորում ենք ՆԱԻ-Հայաստանի անդամ Արսեն Շահինյանին CIA որակավորում ստանալու կապակցությամբ և ներկայացնում ենք որակավորում ստանալու վերաբերյալ իր օգտակար խորհուրդները:
Ուրախ եմ կիսվելու CIA որակավորման վկայական ստանալու վերջին նվաճումովս և ցանկանում եմ կիսվել ստացված տպավորություններով ու խորհուրդներով, որոնք հուսով եմ պիտանի կլինեն որակավորման գործընթացի նախաձեռնություններում:
Նախ նշեմ, որ նյութերի բովանդակությունը, շրջանակում ներառված թեմաները և իրավիճակային խնդիրները շատ պրակտիկ էին և կիրառելի ամենօրյա աշխատանքներում և հետևաբար բոլոր այն գործընկերներիս, ովքեր դեռ չունեն այս որակավորումը, խորհուրդ եմ տալիս անհապաղ սկսել որակավորման գործընթացը և կատարելագործել մասնագիտական գիտելիքները:
Այժմ մի քանի խորհուրդ քննությունը հանձնելու համար`
Մեծամասամբ հանդիպել եմ CIA որակավորման վկայական ստացած այլ գործընկերների կողմից ներկայացված բարդություններին և կարծում եմ, որ որակավորման քննությունը ժամանակատար գործընթաց է, հետևաբար ուժերի ու գիտելիքների կենտրոնացումից բացի պահանջում է նաև համբերություն:
Ուսումնական նյութերից բացի խորհուրդ կտամ օգտվել նաև հավելյալ այլ աղբյուրներից, քանի որ հրապարակվող նյութերը և քննական հարցերի շտեմարանը ոչ միշտ են արդիական (քննության ժամանակ հանդիպում են ինչպես նոր փոփոխված հարցեր, որոնք դեռ ներառված չեն ուսումնական նյութերում, այնպես էլ արդեն իսկ ոչ արդիական թեմաներից հարցեր, որոնք դեռ չեն հանվել քննական հարցերի ցանկից, սակայն ուսումնական նյութում արդեն առկա չեն):
Դասընթացի նյութերն ուսումնասիրելիս պետք չէ դրանք ընկալել/հիշել` զուգահեռներ տանելով ձեր կազմակերպության հետ, քանի որ ուսումնական նյութը վերաբերվում է ընդհանուր բոլոր իրավիճակներին և կարող է չհամապատասխանել որևէ մասնավոր դեպքի հետ:
Եթե քննությունը հանձնելու եք անգլերեն լեզվով փորձեք հասկանալ յուրաքանչյուր տերմինի հստակ նշանակությունը տվյալ կոնտեքստում, շատ դեպքերում այն կիրառված է ոչ առաջին իմաստային նշանակությամբ:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ուսումնական նյութերում առկա յուրաքանչյուր նույնիսկ չնչին պարբերության` անգամ եթե այն պարունակում է մի քանի տող: Հասանելի ուսումնական նյութերում չպետք է լինի անծանոթ կամ թերի ընկալված թեմա:
Քննության ընթացքում անհրաժեշտ է կառավարել յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար նախատեսված միջին ժամանակը: