Կայացել է ՆԱԻ-Հայաստանի հերթական կոնֆերանսը և անդամների ժողովը

Նոյեմբերի 23-24-ին Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի տարեկան կոնֆերանսը և անդամների ժողովը: Կոնֆերանսն իր հարկի տակ էր միավորել տարբեր ոլորտների ներքին աուդիտորների: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին  տեխնոլոգիական զարգացման և կիբերանվտագության խնդիրները, ինչպես նաև հանրային հատվածի ներքին աուդիտի վերջին զարգացումները՝ պանելային քննարկումների ֆորմատով: Ինստիտուտի անդամների ժողովը լսեց խորհրդի հաշվետվությունը և ընտրեց խորհրդի նոր կազմը գալիք երկու տարվա համար: Կոնֆերանսի և ժողովի ոսկե գործընկերն էր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը, այնուհետև ՆԱԻ-Հայաստանի խորհրդի անդամ Կոմիտաս Ստեփանյանը ներկայացրեց աշխարհում կիբերանվտանգության զարգացումները:

Կոնֆերանսի առաջին քննարկումը նվիրված էր Կարգավորող մարմնի դերին ու հնարավորություններին տեխնոլոգիական զարգացման համատեքստում: Քննարկումը վարում էր Կոմիտաս Ստեփանյանը, մասնակիցներն էին ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, ԱյԴի բանկի վարչության նախագահ և Բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը, ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Գարեգին Գևորգյանը, Ամերիաբանկի ՏՏ ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը և Մոբիդրամ ընկերության տնօրեն Կիմ Ավանեսյանը: Մասնակիցները քննարկեցին տեխնոլոգիական զարգացումների մարտահրավերները, կիբերանվտանգության կարևորությունը, ֆինանսական համակարգի կայունության վրա ազդեցությունը և այլ հարցեր:

Երկրորդ քննարկումը վերաբերում էր վճարահաշվարկային համակարգերին և կիբերանվտանգությանը, որը ևս վարում էր Կոմիտաս Ստեփանյանը, մասնակիցներն էին Գրանթ Թորնթոն ընկերության բիզնես ռիսկերի ծառայության ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը, Արմենիան Քարդ ընկերության գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը, Ամերիաբանկի ՏՏ ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը, ԱյԴի բանկի տեղեկատվական անվտանգության գլխավոր պատասխանատու Արմեն Կիրակոսյանը: Քննարկման հարցերից էին մոբայլ տեխնոլոգիաների զարգացումները, կիբերանվտանգության խնդիրները, ներքին աուդիտի դերը կիբերանվտանգության մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Բանախոսները կիսվեցին իրենց փորձով, պատասխանեցին կոնֆերանսի մասնակիցների հարցերին:

Երրորդ քննարկումը նվիրված էր ներքին աուդիտի զարգացումներին հանրային հատվածում: Քննարկումը վարում էր Արա Չալաբյանը, մասնակցում էին Գրանթ Թորնթոն ընկերության բիզնես ռիսկերի ծառայության ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը, Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավար Զարուհի Ֆուրունջյանը, Բի-Դի-Օ Հայաստան ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը, Էյ-Էն Աուդիտ ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանը, Ասատրյանս ընկերության կառավարող գործընկեր Ալբերտ Ասատրյանը:

Քննարկումը ծավալվեց Կառավարության գրության շուրջ, որով պետական կառույցներին առաջարկվում է 2020թ-ից ամբողջությամբ պատվիրակել ներքին աուդիտի գործառույթը: Մասնակիցները քննարկեցին ակնկալվող փոփոխությունների ընձեռած հնարավորությունները և ռիսկերը: Քննարկման մասնակիցների համար անակնկալ է եղել Կառավարության մտադրությունը, ինչը նրանց հետ չի քննարկվել: Բացի այդ, քննարկման մասնակից միջազգային աուդիտորական ցանցերի անդամ ընկերությունների  ներկայացուցիչները դժվարացան նշել երկրներ, որտեղ նման փորձ կիրառվել է: Ընկերություններն ամբողջ հանրային հատվածի ներքին աուդիտի պատվիրակման կարողություններ դեռևս չունեն, իսկ կարողությունների զարգացման համար առկա ժամանակը սուղ է: Քննարկումից պարզ դարձավ, որ ներքին և արտաքին աուդիտի գործառույթների նրբություններն ու տարբերությունները ամբողջությամբ հաշվի չեն առնվել գործընթացը նախաձեռնելիս:

ՆԱԻ-Հայաստանը պատրաստ է մասնակցել կառավարության և ոլորտի շահագրգիռ մասնակիցների հետ մասնագիտական քննարկումներին, եթե նման նախաձեռնություն լինի:

Leave a Reply