ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը ելույթով հանդես է եկել Գրանթ Թորնթոնի տարեկան ժողովին

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ Գրանթ Թորնթոնի տարեկան ժողովը, որտեղ ՆԱԻ-Հայաստանի նախագահ Արա Չալաբյանը ներկայացրեց հանրային հատվածի ներքին աուդիտի պատվիրակման գործընթացի խնդրահարույց կողմերը և բաց թողնված հնարավորությունները: Մասնավորապես.

  • ներքին աուդիտի դերը շարունակում է չգիտակցված մնալ, արտաքին և ներքին աուդիտի գործառույթների էական տարբերությունները հաշվի չեն առնվում մրցույթների անցկացման ժամանակ,
  • փորձագետներով համալրված աուդիտի կոմիտեների ձևավորմանն անդրադարձ չկա ընդհանրապես,
  • կարողությունների զարգացման փոխարեն ֆինանսների նախարարությունը փորձել է հեշտ և արագ ճանապարհով խնդիրը լուծել, սակայն նվազագույն գնի մեթոդով անցկացվող մրցույթները դրան չեն նպաստում, այնինչ պետական բյուջեից հատկացվող լուրջ գումարները, խելամիտ ծախսելու դեպքում, լուրջ խթան կարող էին հանդիսանալ մասնագիտության զարգացման համար,
  • մեկ տարվա պայմանագրերը հաշվի չեն առնում ներքին աուդիտի եռամյա ռազմավարական ծրագրերի և հինգ տարին մեկ արտաքին գնահատման պահանջը, քանի որ յուրաքանչյուր տարի նոր ընկերություն կարող է ընտրվել,
  • մասնավոր փոքր ընկերություններին գաղտնի և զգայուն տեղեկատվության ամբողջական հասանելիության տրամադրումը լուրջ ռիսկեր է պարունակում: