Ներքին Աուդիտորների Ինստիտուտի կողմից հրապարակված «Միջազգային մասնագիտական գործունեության շրջանակները» ներառում են պարտադիր ուղեցույցները և ցանկալի ուղեցույցները:

Պարտադիր ուղեցույցները ներառում են.

Հիմնական սկզբունքներ

  • Դրսևորում է ազնվություն:
  • Ցուցաբերում է հմտություն և մասնագիտական պատշաճ
    ուշադրություն:
  • Անաչառ է և ազատ անտեղի ազդեցություններից (անկախ):
  • Համաքայլ է կազմակերպության ռազմավարության, նպատակների և ռիսկերի հետ:
  • Ունի համապատասխան կազմակերպչական դիրք և համարժեք ռեսուրսներ:
  • Ցուցաբերում է որակ և շարունակական կատարելագործում:
  • Արդյունավետ հաղորդակցվում է:
  • Տրամադրում է ռիսկերի վրա հիմնված հավաստիացում:
  • Խորաթափանց է, նախաձեռնող և ապագային միտված:
  • Նպաստում է կազմակերպության կատարելագործմանը:

Ներքին աուդիտի սահմանում

Ներքին աուդիտի սահմանումն արտահայտում է ներքին աուդիտի հիմնարար նպատակը, էությունը և շրջանակը:
Ներքին աուդիտն անկախ, անաչառ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ է՝ կազմակերպության գործառնությունները բարելավելու և արժեք ավելացնելու համար: Այն օգնում է կազմակերպությանն իրագործել իր նպատակները` հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացների արդյունավետությունը:

Էթիկայի կանոններ

Էթիկայի կանոնները սահմանում են անձանց ու կազմակերպությունների կողմից ակնկալվող վարքագծի սկզբունքները: Դրանք նկարագրում եմ վարքագծի նվազագույն պահանջներն ու ակնկալիքները, քան թե կոնկրետ գործողություններ:

Սկզբունքներ
Ակնկալվում է, որ ներքին աուդիտորները կկիրառեն և կպահպանեն ստորև նշված սկզբունքները.

1. Ազնվություն

Ներքին աուդիտորների ազնվությունը վստահություն է ձևավորում և հիմքեր ստեղծում իրենց դատողություններին վստահելու համար:

2. Անաչառություն

Ներքին աուդիտորները ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, գնահատման և հաղորդակցման ժամանակ դրսևորում են մասնագիտական անաչառության բարձրագույն մակարդակ: Ներքին աուդիտորներն իրականացնում են գործին վերաբերվող բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում և իրենց դատողությունները ձևավորելիս անձնական կամ որևէ այլ շահերից ելնելով անհարկի ազդեցության չեն ենթարկվում:

3. Գաղտնիություն

Ներքին աուդիտորները հարգում են ստացվող/ձեռք բերվող տեղեկատվության արժեքն ու սեփականության իրավունքը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկատվությունը` բացառությամբ իրավական կամ մասնագիտական պարտավորվածությամբ պայմանավորված դեպքերի:

4. Կարողություն

Ներքին աուդիտորները կիրառում են գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, որոնք անհրաժեշտ են աուդիտի ծառայությաններ իրականացնելու/մատուցելու համար:

Վարքագծի կանոններին կարող եք ծանոթալ այստեղ:

Մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտներ (Ստանդարտներ)

Ստանդարտները բաժանված են երկու խմբի՝ Բնութագրող Ստանդարտներ (Attribute Standards) և Գործառնական Ստանդարտներ (Performance Standards):

AS 1000 – Նպատակ, Իրավասություն և Պատասխանատվություն
Ներքին աուդիտի գործառույթի նպատակը, իրավասություններն ու պատասխանատվությունը պետք է ֆորմալ սահմանված լինեն ներքին աուդիտի կանոնադրությամբ և համահունչ լինեն Ներքին աուդիտի Առաքելությանը և Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգի պարտադիր տարրերին (Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության հիմնարար սկզբունքներ, Էթիկայի կանոններ, Ստանդարտներ և Ներքին աուդիտի սահմանում): Ներքին աուդիտի ղեկավարը պետք է պարբերաբար վերանայի ներքին աուդիտի կանոնադրությունը և ներկայացնի այն գործադիր ղեկավարության ու Խորհրդի հաստատմանը:

AS 1100 – Անկախություն և անաչառություն

Ներքին աուդիտի գործառույթը պետք է լինի անկախ, իսկ ներքին աուդիտորները՝ անաչառ, իրենց աշխատանքը կատարելիս:

AS 1200 – Հմտություն և մասնագիտական պատշաճ ուշադրություն
Հանձնառությունները պետք է իրականացվեն հմտորեն և մասնագիտական պատշաճ ուշադրությամբ:

AS 1300 – Որակի հավաստիացման և բարելավման ծրագիր
Ներքին աուդիտի ղեկավարը պետք է մշակի և կիրառի որակի հավաստիացման և բարելավման ծրագիր, որը կներառի ներքին աուդիտի գործունեության բոլոր ոլորտները:

PS 2000 – Ներքին աուդիտի գործառույթի կառավարում
Ներքին աուդիտի ղեկավարը պետք է արդյունավետ կերպով կառավարի ներքին աուդիտի գործառույթը՝ երաշխավորելով, որ այն արժեք է ստեղծում կազմակերպության համար:

PS 2100 – Աշխատանքի էությունը
Ներքին աուդիտի գործառույթը պետք է գնահատի և նպաստի կազմակերպության կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և հսկողության գործընթացների բարելավմանը՝ կիրառելով համակարգված,  հետևողական և ռիսկերի վրա հիմնված մոտեցում: Ներքին աուդիտի հեղինակությունն ու արժեքն ամրապնդվում են, երբ աուդիտորները պրոակտիվ են, և նրանց գնահատումներն առաջարկում են նոր ներըմբռնումներ և հաշվի են առնում ապագա հետևանքները:

PS 2200 – Հանձնառության պլանավորում
Ներքին աուդիտորները յուրաքանչյուր հանձնառության համար պետք է մշակեն և փաստաթղթավորեն ծրագիր, որը պետք է ներառի հանձնառության նպատակները, շրջանակը, տևողությունը և ռեսուրսների բաշխումը: Ծրագիրը պետք է հաշվի առնի կազմակերպության ռազմավարությունները, նպատակները և հանձնառությանը վերաբերող ռիսկերը:

PS 2300 – Հանձնառության իրականացում

Ներքին աուդիտորները հանձնառության նպատակներն իրագործելու համար պետք է բացահայտեն, վերլուծեն, գնահատեն և փաստաթղթավորեն բավարար տեղեկատվություն:

PS 2400 – Արդյունքների ներկայացում
Ներքին աուդիտորները պետք է ներկայացնեն հանձնառությունների արդյունքները:

PS 2500 – Առաջընթացի մոնիտորինգ
Ներքին աուդիտի ղեկավարը պետք է ստեղծի և պահպանի ղեկավարությանը ներկայացված արդյունքների շտկման ուղղությամբ իրականացվող քայլերի հսկողության համակարգ:

PS 2600 – Ռիսկերի ընդունման վերաբերյալ իրազեկում
Երբ ներքին աուդիտի ղեկավարը եզրակացնում է, որ ղեկավարությունն ընդունել է ռիսկի այնպիսի մակարդակ, որն անընդունելի է կազմակերպության համար, ապա նա պետք է հարցը քննարկի գործադիր ղեկավարության հետ: Եթե ներքին աուդիտի ղեկավարը որոշում է, որ հարցը չի լուծվել,  ապա նա պետք է խնդիրը ներկայացնի խորհրդին:

Ստանդարտների ամբողջական տարբերակը ներբեռնեք այստեղ: