Էթիկա և պրոֆեսիոնալիզմ
Էթիկական վարքագիծը ներքին աուդիտում մշտապես առանցքային դեր է խաղացել։ Նախկինում Էթիկայի կանոններն առանձին փաստաթղթով էին ներկայացված Ներքին աուդիտորների գլոբալ ինստիտուտի (ՆԱԻ-Գլոբալ) կողմից հեղինակած Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգում (IPPF)։ 2024թ վերանայված Ներքին աուդիտի գլոբալ/միջազգային ստանդարտներում (GIAS), որտեղ միավորվեցին նախկինում առանձին պարտադիր ուղեցույցները, Էթիկան և պրոֆեսիոնալիզմը ներկայացված են ընդհանուր 15 սկզբունքներից 5-ով։

1․ Ցուցաբերել բարեվարքություն (Demonstrate Integrity)

Ակնկալվում է, որ Ներքին աուդիտորները պետք է իրենց աշխատանքում և վարքում ցուցաբերեն բարեվարքություն, և մարդիկ պետք է տեսնեն դա։ Չնչին կասկածներն այստեղ կարող են ներքին աուդիտի աշխատանքի վրա լուրջ հետևանք թողնել՝ անվստահության պատճառով: Այստեղ համապատասխան փաստերի վրա հիմնված ազնվության դրսևորմանն ավելացել է մասնագիտական համարձակությունը։ Պարզ ասած, ներքին աուդիտորներից ակնկալվում է, որ ասեն ճշմարտությունն ու ճիշտ գործեն, նույնիսկ երբ դա անհարմար կամ դժվար է։

Գլխավոր աուդիտորի իմ փորձառության ընթացքում ունեցել եմ մի դեպք, երբ նման լուրջ փորձություն անցա, ունենալով դժվար խոսակցություն բավականին մեծ լսարանի առջև՝ մասնագիտական համարձակություն դրսևորելու հետևանքով։ Նման դժվար իրավիճակներում է ի հայտ գալիս բարեվարքությունը պահել կամ չպահելու ունակությունը, մնացածը գեղեցիկ խոսակցությունների շարքից է։

Բարեվարքության վրա են կառուցվում էթիկայի և պրոֆեսիոնալիզմի մյուս սկզբունքները, ներառյալ անաչառությունը, կոմպետենցիան, պատշաճ մասնագիտական ուշադրությունը և կոնֆիդենցիալությունը: Ներքին աուդիտորների բարեվարքությունը էական նշանակություն ունի վստահություն ձևավորելու և հարգանք վաստակելու համար:

2․ Պահպանել անաչառության (Maintain Objectivity)

Անաչառությունը կամ օբյեկտիվությունն անհատական հատկանիշ է, այն անկողմնակալ մտավոր վերաբերմունք է, որը թույլ է տալիս ներքին աուդիտորներին կատարել մասնագիտական դատողություններ, իրականացնել իրենց պարտականությունները և հասնել ներքին աուդիտի նպատակներին առանց անհարկի փոխզիջումների: Անկախ ներքին աուդիտի ստորաբաժանումը պետք է աջակցի ներքին աուդիտորներին՝ պահպանել իրենց անաչառությունը:

Ներքին աուդիտորները չպետք է ընդունեն որևէ նյութական կամ ոչ նյութական իր, ինչպիսին է նվերը, պարգևը կամ բարեհաճությունը, որը կարող է խաթարել անաչառությունը կամ նման տպավորություն ստեղծել։ Ներքին աուդիտորները պետք է խուսափեն շահերի բախումից և չպետք է անտեղի ենթարկվեն իրենց կամ այլոց շահերի ազդդեցությանը, ներառյալ՝ ավագ ղեկավարության կամ հեղինակավոր այլ անձանց, կամ քաղաքական միջավայրի կամ իրենց շրջապատի այլ գործոնների:

Ներքին աուդիտի ծառայություններ իրականացնելիս ներքին աուդիտորները պետք է ձեռնպահ մնան որոշակի գործառույթների գնահատական տալուց, որոնց համար նրանք նախկինում պատասխանատու են եղել (նախորդ 12 ամիսների ընթացքում):

3․ Դրսևորել Կոմպետենտության (Demonstrate Competency)

Կոմպետենտության դրսևորումը պահանջում է ներքին աուդիտի ծառայություններ մատուցելու համար գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացում և կիրառում: Քանի որ ներքին աուդիտորները մատուցում են բազմապիսի ծառայություններ, յուրաքանչյուր ներքին աուդիտորի համար անհրաժեշտ կարողությունները տարբեր են: Ներքին աուդիտորներից ակնկալվում է Ներքին աուդիտի միջազգային ստանդարտների իմացություն։

Ներքին աուդիտորները աուդիտ իրականացնելու համար պետք է ունենան կամ ձեռք բերեն տվյալ գործառույթի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիք և հմտություններ, այլապես առանց դրա աուդիտ իրականացնելը էթիկայի խախտում է:

Յուրաքանչյուր ներքին աուդիտոր պատասխանատու է իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների շարունակական զարգացման համար: Բացի այդ, Ներքին աուդիտի ղեկավարը պետք է ապահովի, որպեսզի ներքին աուդիտի թիմը հավաքականորեն տիրապետի իր առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ կոմպետենցիաների:

Սրա լավագույն ձևը թիմում տարբեր կոմպետենցիաներ ունեցող և միմյանց փոխլրացնող մարդկանց առկայությունն է, որոնք տարբեր կրթություն (ֆինանսահաշվապահական, տնտեսագիտական, տեխնիկական, իրավաբանական, հոգեբանական, և այլն) և միջազգային որակավորումներ կարող են ունենալ տարբեր հեղինակավոր ասոցիացիաներից՝ IIA (CIA, CRMA), ACCA, ISACA (CISA, CRISC), ACFE (CFE), ACAMS (CAMS-Audit), և այլն։

4․ Դրսևորել մասնագիտական պատշաճ ուշադրություն (Exercise Due Professional Care)

Մասնագիտական պատշաճ ուշադրությունը ենթադրում է, որ ներքին աուդիտորներն իրենց աշխատանքները իրականացնում են ջանասիրաբար, կշռադատված և առողջ մասնագիտական թերահավատությամբ: Սա ենթադրում է երեք պահանջ․

  1. Համապատասխանել Ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին, այսինքն տիրապետել, ներդնել և հետևել Ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին:
  2. Հաշվի առնել աշխատանքի բնույթը, հանգամանքները և պահանջները, ներառյալ՝ կազմակերպության ռազմավարությունը և նպատակները, շահառուների շահերը, կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման և հսկողական գործընթացների համարժեքությունը և արդյունավետությունը, ներքին աուդիտի ծառայությունների հնարավոր օգուտների հետ կապված ծախսերը, անհրաժեշտ աշխատանքի ծավալը և ժամանակը, ռիսկերի հարաբերական բարդությունը, էականությունը կամ նշանակալիությունը, զգալի սխալների, խարդախության, անհամապատասխանության և այլ ռիսկերի հավանականությունը:
  3. Թերահավատ լինել` տեղեկատվությունը գնահատելիս: Մասնագիտական թերահավատությունը ենթադրում է լինել հետաքրքրասեր, քննադատորեն գնահատել տեղեկատվության հավաստիությունը, լինել շիտակ և ազնիվ հարցադրումներ անելիս, թերի, հակասական կամ կեղծ թվացող տեղեկատվության վերաբերյալ փնտրել լրացուցիչ ապացույցներ:
Մասնագիտական թերահավատությունը չի նշանակում լինել կասկածամիտ, առավել ևս մարդկանց նկատմամբ, և բոլորի մեջ չարամտություն փնտրել։ Այն նշանակում է տեղեկատվության հետ աշխատելիս չենթադրել, որ ամեն ինչ ճիշտ է, այլ միշտ հնարավորություն թողնել մտքում, որ եթե բավարար ապացույցներ չունենք, ապա ինչ-որ բան հնարավոր է ճիշտ չլինի։ Պատշաճ մասնագիտական ուշադրությունն էլ պահանջում է, որ այդ ապացույցները հավաքենք կամ համոզվենք, որ իսկապես ինչ-որ բան այնպես չի։

5․ Պահպանել Կոնֆիդենցիալություն (Maintain Confidentiality)

Ներքին աուդիտորները պետք է պատշաճ կերպով օգտագործեն և պաշտպանեն այն տեղեկատվությունը, որը նրանց հասանելի է իրենց աշխատանքի բերումով։ Սա նշանակում է երկու բան․

  • Տեղեկատվությունը չի կարող օգտագործվել անձնական նպատակներով։
  • Տեղեկատվության պահպանումը, վերացումը, ներքին և արտաքին կողմերին տրամադրումը պետք է պատշաճ իրականացվի։

Ներքին աուդիտորները կոնֆիդենցիալ տեղեկատվություն չպետք է բացահայտեն լիազորված անձանց շրջանակից դուրս՝ Խորհուրդ և Աուդիտի կոմիտե, աուդիտի հաճախորդներ։ Նման պահանջը կարող է բավարարվել օրենքով կամ մասնագիտական պարտականություններով սահմանված դեպքերում:

Արա Չալաբյան, ՆԱԻ Հայաստանի նախագահ